Բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետ լինելն այսօր ժամանակի հրամայականն է. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

 «Սիրելի՛ ուսանողներ, համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ հիշարժան է:

Բժշկական բուհն այս ուսումնական տարում դիմավորեց ապագա բժիշկների 100-րդ սերնդին։

Ժամանակակից աշխարհը ներկայացնում է մասնագիտական կրթության նոր պահանջներ: Մեր ջանքերը, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ուղղված են բժշկական որակյալ բարձրագույն կրթության ապահովման ու մրցունակ մասնագետների պատրաստմանը։ Գաղտնիք չէ, որ բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետ լինելն այսօր ժամանակի հրամայականն է:

Նոր ուսումնական տարին այդ առումով ոչ պակաս պարտավորեցնող է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար, որը, վստահեցնում եմ, ջանք չի խնայելու լավագույն պայմանների ստեղծման և ուսանողակենտրոն քաղաքականության վարման գործում։ Արագ փոփոխվող, ժամանակակից կրթական պահանջները դրական առումով մեզ ստիպում են չդանդաղեցնել քայլերը միջազգային չափանիշներին համապատասխան կրթակարգ ձևավորելու համար: Բժշկի կոչումը վեր է ամեն ինչից. դուք ունենալու եք մարդկային կյանքերի փրկության, մարդկանց առողջությունը վերագտնելու՝ չափազանց պատասխանատու առաքելություն, անքուն գիշերներ, անձնական ժամանակի կրճատում, ուստի այդ ճանապարհին չպետք է կանգնեք որևէ խոչընդոտի առջև, պետք է սովորեք, ձեռք բերեք հմտություններ, ձգտեք առավելագույնին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ: Եղեք նախաձեռնող, բայց չմոռանաք նաև պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին, առանց որի անհնար է պատկերացնել բժշկի կոչումն ու կերպարը»,- ասված է Արմեն Մուրադյանի ուղերձում:

--00--ԱՀ