Շարունակելու ենք ԱԺ նիստերի բոյկոտը, սեպտեմբերի 12-ի նիստի օրը կլինենք ակտիվ գործողությունների մեջ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News   

գ

Խորհրդարանի աշխատանքներին չենք մասնակցի, շարունակելու ենք բոյկոտել ԱԺ նիստերը, այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, մենք գնալու ենք խորհրդարան միայն սեփական օրակարգով, հանդես կգանք սեփական նախաձեռնություններով: Այս մասին 24News–ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 Ճշտող հարցին, թե սեպտեմբերի 12-ին մեկնարկելու է ԱԺ նիստը, նիստին չե՞ք մասնակցելու, պատգամավորը նշեց՝ «Սեպտեմբերի 12-ի նիստին չենք մասնակցի, բայց ընդդիմադիր պատգամավորներին կտեսնեք ակտիվ գործողությունների մեջ, որի մասին տեղեկատվություն կտրվի»: Անդրադառնալով հարցին, թե մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ձեր մեջ տարաձայնություններ կան խորհրդարան վերադառնալու հետ կապված, պատգամավորների մի մասը կողմ է, որ աշխատանքները շարունակեք օրենսդիր մարմնում, իսկ Դուք, Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը կարծում եք, որ պայքարը պետք է շարունակել դրսում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ամեն հրապարակում չի ցանկանում մեկնաբանել, բայց նման բան չկա, այդ հարցում տարաձայնություններ չունեն:

Դիտարկմանը, թե «Հայաստան» դաշինքը նշում էր, որ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենտ հայտնելու գործընթաց է սկսելու, հիմա որոշումը փոխվե՞լ է, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ այդ մասին Իշխան Սաղաթելյանն արդեն խոսել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում պաշտոնանկություն անելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ: «Խորհրդարանում կա 107 պատգամավոր, մեկ երրորդը 36 պատգամավոր է: Երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր, մեկ հոգին դուրս է եկել, չգիտեմ՝ կստորագրի, թե ոչ: Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի միջոցով պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ստորագրություն և քվեարկություն»,- հայտարարել էր նա:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ