Մինսկի խումբը մրցակցության մեջ է ՌԴ ստեղծած 3+3 ֆորմատի հետ․ քաղաքագետ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News     

մ

Բնական է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև գնում է մրցակցություն և ազդում է ամբողջ աշխարհի քաղաքականության վրա։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ամերիկացի և ռուսաստանցի դիվանագետների այցելություններին հարավկովկասյան տարածաշրջան։

 Երեկ Երեւանում էր ԱՄՆ-ի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ֆիլիփ Ռիքերը, նույն օրը Բաքվում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։

Ռուսաստանն իր հայտարարություններում նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում համանախագահող մյուս երկրներիի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատճառով։ Իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խոսում են ՄԽ-ի շրջանակներում հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունից։ Դիվանագետների զուգահեռ այցելություները, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, ընդգծում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև մրցակցությունը․ «Չի կարող լինել այնպես, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գտնվեն պատերազմական հարաբերությունների մեջ (ըստ էության Միացյալ Նահանգները ուկրաինական պատերազմում կողմ է) և Հարավային Կովկասում լինեն դաշնակիցներ ՄԽ-ի ֆորմատում։

Եվ այս մրցակցության ողջ իմաստն այն է, որ Միացյալ Նահանգներին պետք է արցախյան հարցն ինչ-որ մի ձեւ լուծել։ Եվ այս պահին ամենահարմար տարբերակն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջոցով Հայաստանին ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Եվ Ռուսաստանին դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից, որը շատ կարեւոր է Ռուսաստանի և Իրանի համար։ Իսկ Ռուսաստանին պետք է հակառակը»։

Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ այս մրցակցության պատճառով է, որ Ադրբեջանի պահանջներն ավելի են ուժեղացել՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով․ «Եվ Ադրբեջանին աջակցում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, որը ներդրումներ ու մեծ շահեր ունի»։ Հարցին՝ արդյոք այս մրցակցությունն ընդգծու՞մ է, որ ՄԽ-ն շատ հեռու է գործելուց, Դանիելյանը պատասխանեց, որ Մինկի խումբը միշտ է հեռու եղել գործելուց։

«Եթե հիշում եք, ՄԽ-ն այս տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի լուծել, ուղղակի մի ֆորմատ է եղել, որտեղ սառած է պահվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Եվ, ըստ էության, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չէին թողնում, որ հարցը լուծվի միմյանց շահերի հաշվին, իրար հետևում էին։ Հիմա արդեն այդ փուլն անցել է։ Մինսկի խումբը մի ֆորմատ է, որի միջոցով ամեն մեկը փորձում է իր իրավունքները բարձրացնել այս հարցում, տեսակետներ արտահայտել և գործողություններ իրականացնել։ Եթե այն ժամանակ ՄԽ-ն սառեցման ֆորմատ էր, հիմա տաք մրցակցության ֆորմատ է», - ընդգծեց քաղաքագետը։

«Պատերազմից հետո Ռուսաստանը փորձում է նոր ֆորմատ ստեղծել՝ 3+3, այսինքն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և հարավկովկասյան 3 երկրներ։ Այն, ըստ էության, ֆորմատ է Արևմուտքին տարածաշրջանային խնդիրների կարգավորումներից դուրս թողնելու համար։ Ե´վ Հարավկովկասյան խնդիրներին մասնակցելու, և´ խաղին իր շահերը ներկայացնելու համար Միացյալ Նահանգների միակ գործիքը Մինսկի խմբի վերակենդանացումն է։ Տվյալ պահին Մինսկի խումբը մրցակցության մեջ է 3+3 ֆորմատի հետ, որը վերջնականապես Ռուսաստանի, Թուրքիային և Իրանին չհաջողվեց ակտիվացնել։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները Մինսկի խումբն է ակտիվացնում, որը տարածաշրջանում ներկա լինելու միակ իրավական ուժ ունեցող ֆորմատն է», - եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

   Սերգեյ Առաքելյան

   --00—ԱՊ