Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն․ Էբրահիմ Ռայիսի

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News   

ռա

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- IRNA-ի փոխանցմամբ, նշել է նախագահ Ռայիսին։

Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։

   --00—ԱՊ