Այս ամենը Իրանի դեմ կատարվող խաղեր են, մենք ընդամենը օգտագործվում ենք. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան չեն հակառակվում, միմյանց հետ խաղացվող մի խաղ է։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի՝ սեպտեմբերի 19-ի թվիթերյան գրառումներին։

Թուրքիայի փոխնախագահը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում հնչեցրած հայտարարություններին, «Թվիթեր» հարթակում գրել էր, որ լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք «պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ»։

Սեպտեմբերի 17-ին Հայաստան էր ժամանել Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը, որի թվում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և առեւտրային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոնեն, ՆՊ-ի հայկական արմատներով անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ի թիվս այլնի՝ իր հայտարարություններում Փելոսին անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Բացի այդ, Թուրքիայի փոխնախագահն ԱՄՆ կոնգրեսականին մեղադրել էր «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» մեջ: Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՆՊ խոսնակը և ԱՄՆ պատվիրակության անդամներն Ադրբեջանին հասցեական մեղադրել էին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու մեջ։

Հավանաբար, հենց այս մեղադրանքին ի պատասխան՝ փոխնախագահ Օքթայը թվիթերյան գրառման մեջ նաեւ գրել էր, որ «մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթված իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով` ԱՄՆ-ի և Թուրքիայի այսպիսի հակադրումը նման է «լավ ու վատ ոստիկան խաղին»։ «Մեկն իրեն լավն է ցույց տալիս, մյուսը՝ վատը, լավը վստահություն է շահում ու գործն առաջ տանում։ Ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից ուժեղ հակազդեցություն չեղավ, չնայած որ Փելոսին բավականին պինդ, ուժեղ խոսքեր ասաց։ Եվ ավելի ուժեղ հակազդեցություն պետք է լիներ։ Անգամ Հայաստանի վրա Ադրբեջանի 2-օրյա հարձակումը եղավ, միանգամից կանխվեց։

Իմիջիայլոց, Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին՝ հրադադարի հաստատման համար։ Հենց դրանով շեշտվեց՝ «տեսեք, տեսեք, տարածաշրջանում Ռուսաստանը ոչ մի բան չի կարողանում անել, այստեղ հարցերը լուծում է Ամերիկան»։ Փելոսին եկավ, մեսիջները տվեց, հստակ կերպով ասաց Հայաստանին՝ «Դո՛ւք պետք է որոշեք՝ ում կողմից եք»։ Ասաց, չէ՞, «Մենք ազատ ենք թողնում Հայաստանին, որ որոշի»։

Բայց ԱՄՆ-ը հասկացնում է՝ «մե՞ր կողմից եք, թե՝ Ռուսաստանի, եթե մեր կողմից եք, կարող ենք օգնել»։ Օգնելը ո՞րն է, «Մենք կարող ենք կանխել, որ Ադրբեջանը չհարձակվի կամ կարող ենք այնպես չանել, որ Ադրբեջանը չհարձակվի»։ Ինձ թվում է՝ ավելի շատ երկրորդն է։ Ու ցույց տվեց՝ «Եթե դուք շարունակեք Ռուսաստանի կողմը լինել, ուրեմն կարող են ձեր գլխին բաներ գալ, իսկ եթե չէ, կարող ենք չթողնել, որ ձեր գլխին բան գա»։

Իմ ստացած մեսիջը Փելոսիից սա էր», - ընդգծեց Լոքմագյոզյանը։ Այս ամենը, ըստ Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված է․ «Ամբողջ թատրոնն իրար հետ էին կազմակերպել։ Ի՞նչ է, պետական ուրիշ սրահ չունեի՞նք, որ «Գաֆեսճյան» կենտրոնում հենց Խանջյանի «Վարդանանք» նկարի առջև [հատված Ավարայրի դաշտում հայ-պարսկական ճակատամարտից] Փելոսին ելույթ ունեցավ։ Եվ հետաքրքիր է, որ Փելոսին հայոց պատմությունից քաջատեղյակ էր և իմացավ՝ ինչ նկար է դրված իր հետևում։ Եվ շուռ եկավ ու բացատրեց, որ «ահա այստեղ քրիստոնյա հայերը պարսիկների դեմ են»։

Եվ այս ամենն, իհարկե, Պարսկաստանի դեմ կատարվող խաղեր են, և այստեղ մենք օգտագործվում ենք։ Եվ նաեւ ժողովրդին օգտագործում է Հայաստանի կառավարությունը։ Եվ այս ամբողջ թատրոնի մի մասն էր։ Ինչպես ասացի, հիմնականում խնդիրը կապված է Իրանի հետ, և մեզ, իհարկե, ցանկանում են քաշել այս խաղի մեջ»։

Ըստ Լոքմագյոզյանի՝ իրականում Հայաստանն արդեն իսկ ներքաշված է այս խաղի մեջ։

«44-օրյա պատերազմի ընթացքում մենք արդեն ներքաշված էինք։ Պատերազմը Թուրքիայի և Ադրբեջանի բաժինն էր, որ ստացան։ Բայց իրականում պատերազմն Իրանի դեմ առաջին քայլն էր։ Իրանի դեմ այս մասը թուլացրին, որովհետև այն վստահ էր, քանի դեռ Հայաստանը կար սահմանի այս կողմում։ Արդեն Իրանն այդքան էլ վստահ չէ։ Եվ տեսանք, որ պատերազմի ժամանակ Իրանը պանիկայի մեջ ընկավ, և մինչև այսօր էլ իր ամենալավ ուժերը բերել է Հայաստանի սահման և այնտեղ պահում է», - եզրափակեց փորձագետը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ