Ալիևը և Էրդողանը հիմար չեն, տեսնում են՝ իրենց առջև տկար, անկարող ղեկավար է, շուտով նորից կհարձակվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՍՍ
           

Փելոսիի խոսքերը, անշուշտ, շատ հաճելի են մեզ համար, ճշգրիտ խոսքեր ասաց, բայց միայն բարոյական ազդեցություն ունեն: Այս մասին 24News-ին ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր, ամերիկաբնակ լրագրող Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կատարած այցելությանը Հայաստան։

Ըստ Սասունյանի՝ Փելոսիի խոսքերը գործնական ազդեցություն չեն ունենա։ Սեպտեմբերի 17-ին Հայաստան էր ժամանել Փելոսիի պատվիրակությունը, որի թվում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և առևտրային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոնեն, ՆՊ-ի հայկական արմատներով անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանին հասցեական մեղադրել էին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու մեջ։ Արձագանքելով ՆՊ խոսնակի հայտարարություններին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դրանք անհիմն ու անարդար մեղադրանքներ են։ «Այդպիսի միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը», - նշել էր ադրբեջանական ԱԳՆ-ն:

Փելոսին նաև խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սեպտեմբերի 19-ին թվիթերյան գրառումներում նշել էր, որ լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք «պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ»։ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրել էր «դիվանագիտական ջանքերը նենգափոխելու մեջ»: Հավանաբար, հենց այս մեղադրանքին ի պատասխան, փոխնախագահ Օքթայը գրել էր, որ «մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթված իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»։

Ըստ ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանի՝ ամերիկյան կողմի հայտարարությունները Թուրքիայի և Ադրբեջանի վրա որևէ զսպող ազդեցություն չեն ունենա․ «Փելոսին Հայաստան եկավ, հայանպաստ խոսքեր ասաց, իրենք էլ պատասխանում են Փելոսիին։ Փելոսին ասաց, որ «եկել եմ, ստուգում եմ կացությունը, և ի՞նչ եք դուք ինձ ասելու», այդքան բան։ Երբ որ իրեն հարցրին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Փելոսին չպատասխանեց այդ հարցին»։

«Մենք շատ հուզական ժողովուրդ ենք․ միանգամից չափազանցացնում ենք, հետո՝ միանգամից հուսալքվում։ Ես դեմ չեմ Փելոսիի խոսքերին, շատ հաճելի խոսքեր ասաց, հայանպաստ խոսքեր։ Բայց չպետք է չափազանցացնենք, ոչ էլ զրոյացնենք իր այցելությունը և հայտարարությունները։ Եվ ոչ էլ ասենք, որ եկավ, մեզ փրկեց», - ընդգծեց նա։

«Կալիֆորնիա կուրիերի» խմբագրի խոսքերով՝ Ադրբեջանը նորից կգնա սրացման․ «Ալիևը և Էրդողանը հիմար չեն։ Ալիևը տեսնում է, որ իր դիմաց կա թույլ, տկար և անկարող մի ղեկավար, որը որևէ զինտեխնիկա չունի, չի կարող իր երկիրը պաշտպանել, անընդհատ հարձակվելու է։ Անցյալ շաբաթ հարձակվեց, նորից շուտով կհարձակվի»։

Երեկ Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել էր ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ և նշել, որ «չնայած վերջին բախումներին», Բաքուն «պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»։

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Թուրքիայի նածագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «չնայած վերջին օրերին տեղի ունեցած բախումները ստվերում են առկա լավ մթնոլորտը, հավատում ենք, որ երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Սասունյանն ասաց, որ խոսելը մի բան է, գործելը՝ ուրիշ։ «Խոսելիս իրենք շատ գեղեցիկ բաներ ասում են, բայց երբ որ պետք է, անընդհատ մեր տղաներին սպանում են, մեր հողատարածքը գրավում են։ Պետք է մարդ հիմար լինի, որ մտածի՝ ազերիներն իսկապես խաղաղություն են ուզում», - եզրափակեց Հարութ Սասունյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ