Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է արել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1093360.jpg

Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diaro Armenia-ն:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի դեմ»:

Նրանք շեշտել են, որ ադրբեջանական զինուժը կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր բնակավայրերի, սահմանամերձ շրջանների վրա։ Այդ ագրեսիան ուղղված էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով կան զոհեր: Հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Երիտասարդներն ընդգծել են, որ հարձակման պատճառները նույնն են, ինչ 1915-ին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ իրականացնել պանթուրքական ծրագիրը:

«Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,-ընդգծել են նրանք՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում:

Երիտասարդները նաև ուղերձ են հղել Արգենտինայում Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ շեշտելով, որ Արգենտինայում հնարավոր չէ պարտադրել ժխտողականության քաղաքականություն, և որ իրենք չեն լռելու:

--00—ԶՀ