Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1093364.jpg

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հավանություն չեն տալիս 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրմանը, այդ քայլը չի ողջունում դեմոկրատների 56 տոկոսը: Այդ մասին են վկայում այն հարցման՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաալիքը եւ The Washington Post թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այն հարցին, թե «ցանկանու՞մ եք արդյոք, որ Դեմոկրատական կուսակցությունը 2024 թվականին Բայդենին թեկնածու առաջադրի երկրորդ նախագահական ժամկետի համար», դրականորեն է պատասխանել հարցման մասնակիցների 35 տոկոսը, 9 տոկոսն ասել է, թե չգիտե, 56 տոկոսը հայտարարել է, որ կգերադասեր այլ թեկնածուի:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հանրապետականների կարծիքները բաժանվել են հետեւյալ կերպ. 47 տոկոսը հանդես է եկել կուսակցությունից նրա առաջադրման օգտին, 46 տոկոսը՝ դեմ, 7 տոկոսը՝ չգիտեմ:

Հարցմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 18-ից մինչեւ 21-ը, մասնակցել են շուրջ հազար ամերիկացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում է երեք ու կես տոկոսային կետ:

Սեպտեմբերի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին, սակայն դրա վերաբերյալ վերջնական «հաստատ որոշում» ընդունելն առայժմ վաղ է: Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտնել է, որ Թրամփը կարող է կրկին պայքարի մեջ մտնել պետության ղեկավարի պաշտոնի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ