Կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս Ադրբեջանում են, շուրջ 80 անձ բռնի անհայտացման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գերիներ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 156 գերիներ, որոնք հայրենադարձվել են, բայց և կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։ Այս մասին, ինչպես գրում է Փաստինֆո-ն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ ութ տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհայտացման։ Մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը, Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ իրենք անհատական գանգատների հիմքով են աշխատանքներ տանում, բայց, միևնույն ժամանակ, կա միջպետական գործընթաց Եվրոպական դատարանում։ Նա նշեց, որ գերիների հարցով իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշ դեպքերում նաև աննախադեպ, որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց, թեև անհատական ջանքերով ունեցել ենք միջպետական բնույթ ունեցող գործեր, բայց պետությունն իր դեմքով առաջին անգամ է, որ այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում։

Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում՝ պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց, նրանք որպես պատանդներ պահվում են և օգտագործվում են որպես միջոց՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով և նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից։

--0--ԱՀ