Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի դեռ 2 տարի առաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, իսկ գերիների վերադարձը Ադրբեջանի կողմից ոչ թե հումանիտար ժեստ է, այլ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Երկու տարի է անցել պատերազմից: Սա այն պատերազմն էր, որ ուղեկցվել է ռազմական հանցագործությունների գրեթե բոլոր տեսակների կիրառմամբ, այսինքն այն, ինչ արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործել է: Ցավոք սրտի, պատերազմից 2 տարի անց էլ մենք Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների հստակ իրավական և քաղաքական գնահատականների չենք հանդիպում: Իհարկե, իրավական գործընթացներ կան միջազգային դատարաններում, որոնց առնչությամբ գործընթացը մի փոքր երկարատև է, և ամբողջական դատաքննությունից հետո միայն հանցավորները պատժի, պատասխանատվության կենթարկվեն: Բայց առնվազն պետք էր ակնկալել, և այսօր էլ պետք է շարունակել ակնկալել, որ միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշում պետք է արտահայտվի, որ այդ պատերազմն Ադրբեջանի կողմից վարված ագրեսիվ պատերազմ է, որն ուղեկցվել է բազմաթիվ հանցագործություններով»,-ասաց Ստեփանյանը:

Ընդ որում, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաև միջազգային դատական մարմինների նկատմամբ:  Ադրբեջանը մինչ օրս անտեսում է, չի իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որոնք ոչ միայն Արցախի, 44-օրյա պատերազմի համատեքստում են, այլ առհասարակ: Արցախի ՄԻՊ-ը նկատեց՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցում հնգյակում է: Կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, որը մեծ հաշվով չի փոխել Ադրբեջանի վարքագիծը:

«Ընդ որում, եթե կայացվել է իրավական որոշումը, ապա միջազգային հանրությունն առաջին հերթին ինքն իրեն և իր ստեղծած մարմինները պետք է հարգի, ըստ այդմ էլ այդ որոշումները չկատարողներին ենթարկի պատասխանատվության»,-շեշտեց Ստեփանյանը:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին:

«Այստեղ խոսքը նաև գերիների թեման քաղաքական առևտրի առարկա դարձնելու մեջ էր, որը և անթույլատրելի, և անընդունելի է: Ինձ համար երբեմն նաև զարմանալի է, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են փորձում ողջունել, երբ  Ադրբեջանը գերիների նոր խումբ է թողնում վերադառնալ հայրենիք»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ստեփանյանն անընդունելի համարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով վերջինս ողջունել էր Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը: «Գերիների վերադարձը չի կարող հումանիտար ժեստ լինել: Դա միջազգային իրավունքով սահմանված պարտավորություն է, որը պետք է կատարվի, ոչ թե դրա համար պետք է ողջունել կամ խրախուսել: Դա պարտավորություն է՝ պարտադիր կատարման ենթակա: Եվ մեր ուղղությունը նաև այն պետք է լինի, որ այդ պարտադիր կետերը, պահանջները պետք է կատարվեն, այլ ոչ թե դառնան այս կամ հարցի քաղաքական առևտրի թեմա»,-ասաց նա:

Այսպիսով Արցախի ՄԻՊ-ը և իրավական, և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից համատեղ աշխատանքի կարիք է տեսնում: Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին, ապա Ստեփանյանը լավատես է, կարծում է, որ հաջողություն ունենալու ենք երկու դատարաններում էլ՝ թե ՄԻԵԴ-ում, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, սակայն դրան պետք է զուգորդի նաև քաղաքական պատասխանատվության հարցը: Ստեփանյանը կարևորում է այդ թեմաները տարբեր կառույցներում հնարավորինս շատ բարձրացնելը: «Պետք է տարբեր պետությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրենք և պահանջենք, որ, եթե աշխարհի տարբեր կետերում ագրեսորին ենթարկում են պատժամիջոցների կամ այլ մեթոդներով զսպում են ագրեսիան, ապա նույնը պետք է կատարվի այստեղ, որովհետև միջազգային իրավունքը պետք է բոլորի համար գործի»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ պետք է շարունակել աշխատանքը՝ համատեղելով իրավական պատասխանատվության գործիքակազմը քաղաքական պատասխանատվության հետ:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հանրության ոչ հասցեական և հաճախ անբովանդակ հայտարարություններն ուղղակի կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իրագործված ագրեսիայի մասին է, այլ նաև հրադադարի երկու տարիների ընթացքում Արցախի դեմ իրագործված ագրեսիաների:

«Եթե միջազգային հանրությունը պետք է իր այս կրավորականությամբ թույլ տա, անպատժելիություն ստեղծի Ադրբեջանի համար, ապա բոլորը պետք է հասկանան, որ միջազգային իրավունքն է դրվում լուրջ վտանգի տակ: Սա միայն Հայաստանի կամ հայ ժողովրդի հարցը չէ, այլ նաև ընդհանուր աշխարհակարգի և սահմանված կանոնների հարցն է»,-ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը:

Ստեփանյանը՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընդգծում է, որ, ապրելով Ադրբեջանի կողմից ամեն օր կյանքի իրավունքի դեմ ուղղված սպառնալիքի ներքո, Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության մակարդակի մասին խոսելն ուղղակի անհնար է և իմաստազուրկ է: Նրա հավաստիացմամբ՝ իրավունքների պաշտպանությունը երկրի ներսում, այո, իրականացվում է, նաև ՄԻՊ գրասենյակն է իր հնարավորություններն ու լծակներն օգտագործում, որ գոնե ներքին հարցերում կարողանան իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովել, բայց ադրբեջանական շարունակվող էթնիկ զտման քաղաքականության իրավիճակում պատշաճ պաշտպանության մասին խոսելը տեղին չի համարում:

«Մարդիկ ապրում են Արցախում՝ հասկանալով, որ ցանկացած պահի կարող են վերսկսվել ռազմական գործողություններ, կարող են կորցնել իրենց, իրենց հարազատների կյանքը և այլն: Այնուամենայնիվ, այս դժվարությունները հաշվի առնելով՝ մարդիկ շարունակում են կառչած մնալ իրենց հողին, հայրենիքին»,-եզրափակեց ՄԻՊ-ը:

--00—ԻԴ