ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ ԼՂ-ում ՄԻ պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

0f590000-0aff-0242-6c53-08da497cf9a4_w1023_r1_s.png

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը անցկացրել է հեռավար ասուլիս, ուր պատասխանել է մի շարք հարցերի, որոնց թվում էին Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված կացության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր․ գրում է «Ամերիկայի ձայնը»։

Իր խոսքում դեսպան Քարպենտերը, մասնավորապես, ասել է. «Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է (Հարավային Կովկասի) տարածաշրջանում: Մենք ներկայումս շատ ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը և խորապես ներգրավված ենք նաև Վրաստանում: Կովկասում մեր նորանշանակ բանագնաց Ֆիլ Ռիկերը Թբիլիսիում էր, և մենք պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը Վրաստանի հետ։ Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության և Մինսկի խմբի ապագայի մասին հարցերին՝ դեսպան Քարպենտերն ընդգծել է. «Միացյալ Նահանգները վերջերս Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց Ֆիլ Ռիկերին:

Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Մինսկի խումբը ներկայումս չի անցկացնում հանդիպումներ համանախագահների միջև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի և այլ պատճառներով։ Ներկայումս առկա է խաղաղ գործընթաց, որը երկու կողմերի հետ առաջնորդում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և ԱՄՆ-ը մեծապես աջակցում է այդ գործընթացին։ Մենք նաև երկկողմ ձևաչափով ակտիվորեն ներգրավված ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ գործընթացը որտեղ և երբ հնարավոր է դյուրին դարձնելու համար՝ ԵՄ մեր գործընկերների հետ սերտ խորհրդակցությամբ»,- ասել է Քարպենտերը:

Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Մեր գերակա առաջնահերթյունն է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցումը, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների բացումը, բարի դրացիական հարաբերությունների հաստատումը: Եվ իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է դեսպան Քարպենտերը:

--00—ԶՀ