Պաշտոնյաները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ֆգ

«Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Նաեւ կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը:

Փաթեթով առաջարկվող կարգավորումները՝ կից հղմամբ:   

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ իրականացվող փոփոխությունները մշակվել եւ համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:

Պատգամավորների դիտարկմամբ՝ փաթեթում հստակ ձեւակերպված չեն որոշ սահմանումներ:

Նախաձեռնությունը կարեւոր է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ անհրաժեշտ՝ միջազգային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, սակայն այն նաեւ պետք է լինի իրատեսական. նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մեր միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ-ն փորձում է ժողովրդավարական արժեքներ սերմանել մեր երկրում: Դրա հետ զուգահեռ պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, եւ այն չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ ֆորմալ խախտումները հիմք կդառնան բարեխիղճ պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովում քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն՝ նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկումները շարունակելու պայմանով:

--00—ԻԴ