ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1093633.jpg

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։

Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական,  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, նախորդ շաբաթ պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- հայտնել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։ Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով  հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է:

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

Տեսանյութեր