«Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել»․ Ֆրանսիայի դեսպանը գրառում է արել սահման այցելելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն թվիթերի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական հարձակումներից տուժած շրջաններ այցին։

«Շատ օգտակար այցելություն էր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած շրջաններ։ Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել։ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- գրել է դեսպանն ու Վարդենիսում արված լուսանկար հրապարակել։

Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, դեսպանը նշել է. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզ։ Նրանց թվում էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

--00—ԼՄ