Պատանի ձյուդոիստների մրցաշար՝ նվիրված վաստակավոր մարզիչ Սերգեյ Օհանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Այսօր Դինամո մարզադահլիճում տեղի ունեցավ ձյուդոյի վաստակավոր մարզիչ Սերգեյ Օհանյանի հիշատակին նվիրված մրցաշար:

Մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում, այն կազմակերպվել էր Սերգեյ Օհանյանի որդու նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի 270-ից ավելի մարզիկներ: 

Մրցաշարն անցկացվում էր երկու տարիքային խմբով՝ 2009-2011 և 2012-2014 թվականներին ծնված ձյուդոիստների միջև: 

ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Խուդյանը հիշում է, թե 1970 թվականին ինչպես են Սերգեյ Օհանյանի հետ Դինամո մարզադահլիճում սկսել իրենց մարզումները։

«Սերգեյ Օհանյանն իմ զույգն էր, միասին էինք մրցում, շատ լավ մարզիկ էր, լավ տեխնիկա ուներ, միայն ես էի կարողանում նրան դիմանալ և նրա հետ մրցել: Տարիների ընթացքում շատ մտերմացանք և  հիմա մեծ ցավ եմ ապրում, որ ինքը չկա, բայց այս մրցաշարը վառ կպահի իր հիշատակը»:

Սերգեյ Օհանյանի նախկին սան, լրագրող Սերոբ Օհանյանը պատմում էթեև ինքը սպորտի ուղին չի շարունակել, բայց Սերգեյ Օհանյանի խորհուրդները միշտ հիշում է.

«Մեր մարզիչը մեզ սովորացրել է ոչ միայն լավ ձյուդոիստ լինել, այլ նաև լավ մարդ լինել: Այսօրվա մրցաշարն ապացույցն է այն բանի, թե իր սաները որքան մեծ սեր ունեն իր հանդեպ»:

--00--ԱՀ