Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1093917.jpg

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` լեհ գործիչը հրապարակել է նշված տեսանյութը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ», - գրել է Բուչեկը։

ոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։

--00—ԶՀ