Մինչև ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա, չի կանգնելու․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

41635_ara-zohrabyan_3005_M.jpg

Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին «խաղաղասեր» ադրբեջանցիների կողմից պառկած վիճակում գնդակահարելն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանության քարոզած խաղաղության իրական օրակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական դպրոցի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հայի արյուն ունեցող իշխանավորը ո՞նց կարող է չնկատել թշնամու ագահությունը, վայրենությունը և իրական նպատակը:

Ո՞նց կարելի էր ականապատված տարածքների քարտեզները տալ թշնամուն, ո՞նց կարելի էր Երևան-Սյունիք հիմնական ճանապարհը տալ թշնամուն, ո՞նց կարելի էր անվտանգության գոտիները տալ թշնամուն, ո՞նց կարելի էր Արցախում դատապարտված թշնամու մարդասպան ահաբեկիչներին տալ թշնամուն, ո՞նց կարելի էր այս երկու տարվա ընթացքում ժողովրդին պատերազմի պատրաստելու փոխարեն «խաղաղության օրակարգ» կերցնել:

Ո՞նց կարելի է հիմա էլ սեփական ժողովրդին վախ ներշնչել, որ առանց նոր կապիտուլացիայի պայմանագրի Հայաստանը շանս չունի:

Եթե ադրբեջանին չի կանգնեցնում 2020թ. իր կողմից ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունը, որը բազմիցս խախտել է, ապա ինչու՞ պետք է կանգնեցնի նոր ստանձնած պարտավորությունը: Հարմար առիթի դեպքում, նոր պայմանագրի պայմաններն էլ է խախտելու, արդեն ռազմավարական ավելի արտոնյալ հնարավորություններ ունենալով:

Թշնամին մի կողմից, իսկ տեղական իշխանությունը մյուս կողմից լծված են մեզ հոգեբանորեն կոտրելու գործին:

Սիրելի հայրենակիցներ, մի թերագնահատեք մեր միասնական ուժը և ոգին: Վախկոտ թշնամին ստանալու է իր արժանի պատիժը:

Մինչև ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա, չի կանգնելու: Այս թեզի ճշմարտացիությունը ստուգելու համար շատ խելք պետք չի ունենալ: Բավական է ունենալ հիշողություն և ինքնապահպանման բնազդ»,- գրել է Արա Զոհրաբյանը:

--00—ԶՀ