Կարևոր է` Փաշինյան-Էրդողան հանդիպումը վնաս չտա ՀՀ-ին. Թուրքիան է ղեկավարել մեր դեմ բոլոր ագրեսիաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News           

վ

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը պետք է ձգտել, որ Թուրքիան իր քաղաքականությունը, դիվանագիտությունն ավելի քաղաքակիրթ դարձնի։ Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Պրահայում վաղվա հնարավոր հանդիպմանը։ 

Ավելի վաղ թուրքական «Սաբահ» թերթը գրել էր, որ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական ընկերակցության հանդիպման շրջանակներում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպումը։

Թերթը նշել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները, հատուկ ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունն արդեն Հայաստանում կամ Թուրքիայում։ Բացի այդ, ըստ «Սաբահի»՝ Էրդողանը Փաշինյանին փորձելու է համոզել, որ Ադրբեջանի հետ կնքվի «վերջնական խաղաղության պայմանագիր»։

Ակադեմիկոս Սաֆրաստյանի խոսքերով, առաջինը՝ կարևոր է, որ հանդիպումը որևէ վնաս չբերի հայկական կողմին, իսկ երկրորդը, որ Թուրքիայի հետ ավելի քաղաքակիրթ հարաբերություններ հաստատվեն։ «Եվ կարևոր է հասնել նրան, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր նախապայմանների քաղաքականությունից հրաժարվի։ Որովհետև ակնհայտորեն Էրդողանը և Չավուշօղլուն անընդհատ պահանջներ են դնում Հայաստանի առջև։ Թուրքիան ղեկավարել և աջակցել է Ադրբեջանի բոլոր ագրեսիաներին Հայաստանի դեմ», - նշեց նա։

«Քանի ամիս է՝ արդեն Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները կարծես թե տեղի չեն ունենում։ Ի՞նչ պատճառով, չգիտեմ։ Դեռևս նշան չկա, որ այդ հանդիպումները կշարունակվեն», - ասաց Սաֆրաստյանը՝ պատասխանելով Երևանում կամ Անկարայում հանդիպումների հավանականության հարցին։

Պրոֆեսորը դժվարացավ նշել՝ արդյոք արդյունավետ կլինե՞ն հայ-թուրքական բանակցությունները․ «Թուրքիայի քաղաքականությունը դարձել է ռազմավարական նպատակ հետապնդող։ Հարավային Կովկասում Թուրքիան ձգտում է դառնալ գերակշռող ուժ։ Եվ այդ նպատակների համար օգտագործում է Ադրբեջանին։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է հանդիպել, չպետք է փորձել Հայաստանի տեսակետները ներկայացնել»։

«Թուրքիայի նպատակն է՝ ամբողջ տարածաշրջանը դարձնել իր ազդեցության ոլորտ։ Իսկ քանի որ տարածաշրջանում դեռևս պահպանվում է Ռուսաստանի ազդեցությունը, Թուրքիան փորձում է այն թուլացնել և իրենն ուժեղացնել։ Թուրքիայի այս քաղաքականությունը նոր չէ, ուղղակի օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։ Եվ Ադրբեջանին ամեն կերպ ուժեղացնում է իր նպատակին հասնելու համար», - եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ