Ազգային ժողովի ճաշարանի բարեկարգման համար կառավարությունը 31 միլիոն դրամ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Կառավարությունը 31 միլիոն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար. որոշումը կընդունվի այսօրվա նիստի ժամանակ։

«Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն)»,-նշվում է հիմնավորման մեջ։

Առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»:

Նշվում է, որ որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր» /կետ 6.10/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:

--00—ԼՄ