Թագուհի Թովմասյանը պահեստազորայինների վարժական հավաքների մասով բողոքներ է ստացել

Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել է մինչև 3680 քաղաքացու մասնակցությամբ պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը։

Այս օրերին շարունակ ստանում եմ բազմաբնույթ բողոքներ՝ գործընթացի հետ կապված, այդ թվում՝
- Վարժական հավաքին ենթակա պահեստազորայինները զրկված են լիարժեք բժշկական ստուգում անցնելու իրավունքից. քաղաքացիները մասնավորապես նշում են, որ իրենց ծանուցելու և զինկոմիսարիատից վարժական հավաքների վայր տեղափոխելու գործընթացը կազմակերպվում է բավականին արագ՝ նույնիսկ նույն օրը, և արդյունքում իրենք չեն կարողանում լիարժեքորեն իրացնել համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելու իրենց իրավունքը, որը ամրագրված է օրենքով, 

- Քաղաքացիներից շատերը զինկոմիսարիատի աշխատակիցներին հայտնել են, որ իրենց անձնական գործերում եղել են բոլոր այն բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում իրենց ժամանակին տրվել է տարկետում։ Այս կերպ քաղաքացիները ուշադրություն են հրավիրել իրենց առողջական խնդիրներին, որոնք կարող են բարդանալ հավաքներին ներգրավման դեպքում, սակայն ի պատասխան` ստացել են տեղեկություն, որ անձնական գործերում ժամանակին դրված բժշկական փաստաթղթերը որոշակի ժամանակ անց ոչնչացվել են,

- Վարժական հավաքների համար քաղաքացիներին տրամադրվող գումարը մի քանի անգամ զիջում է նրանց ամսական աշխատավարձի չափին, և այդ պատճառով ընտանիքը հայտնվում է կենցաղը սպասարկելու, վարկերի մարման լրջագույն խնդրի առջև․ մարդիկ իրենց աշխատավարձի չափը հաշվի առնելով՝ պլանավորել էին իրենց ծախսերը, վարկեր վերցրել, սակայն վարժական հավաքներում ներգրավվելով՝ կանգնում եմ լրջագույն ֆինանսական խնդրի առջև։

- Վարժական հավաքներին ներգրավվելու ծանուցագիր են ստանում մարդիկ, ովքեր մասնագետ չեն և չեն կարող պիտանի լինել ոչ մասնագիտական գործունեություն ծավալելիս: Բայց դա հաշվի չի առնվում շատ դեպքերում:

Ընդունելով վարժական հավաքների անհրաժեշտությունը հատկապես նման ծանրագույն պայմաններում գտնվող մեր պետության համար՝ հայտարարում եմ․

- Վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինները պետք է նախապես անցնեն պատշաճ բուժհետազոտություններ, նախկինում առկա առողջական խնդիրները պետք է ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության,  և կատարվեն մասնագիտական եզրահանգումներ, իսկ գործընթացը չպետք է արհեստականորեն արագացվի մարդու իրավունքների տեսանկյունից այն անընդունելի նպատակով, որ չբացահայտվեն մարդկանց առողջական խնդիրներն ու հավաքներին ընդգրկվելու անհամատեղելիության հանգամանքները,

- ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես իրավասու գերատեսչություն, պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կկարգավորեն հավաքներում ընդգրկվող անձանց վարձատրության խնդրահարույց հարցերը, իսկ Կառավարությունը պետք է հրատապ քննարկի հավաքներում ներգրավման արդյունքում ֆինանսապես տուժող քաղաքացիներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, գուցե հավաքներում ներգրավման ժամանակահատվածում պահեստազորայինների վարկային պարտավորությունների սառեցման հարցում բանկերի հետ համագործակցելու հնարավորությունները։  

- Ինչպես նաև պետք է, որ յուրաքանչյուր մարդ, ըստ մասնագիտացման, ներգրավվի վարժական հավաքներում:

- Նախկինում էլ եմ հայտարարել, հիմա էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին վարժական հավաքներում ներգրավմանն առնչվող բոլոր խնդրահարույց հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ 011513230, 041888842 հեռախոսահամարներով։

֊֊00֊֊ԼՄ