Անելիքը ժողովրդինն է․ եթե լուռ մնացինք, Արցախը և ՀՀ-ի մեծ մասը սպառնալիքի ներքո անցնելու են թշնամուն

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News           

Ստիպված ոչինչ չի լինում, եթե Հայաստանի իշխանությունները չցանկանան, ապա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը չի լինի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածը։ Այնտեղ որպես ադրբեջանական 5 պահանջից մեկը նշված էր «Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով»:

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքերով՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական մանիպուլյացիան է։ 

«Նիկոլ Փաշինյանին կուզեի հարց ուղղել՝ եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ նույն Նիկոլ Փաշինյանը 30 տարի շարունակ կարողանում էր այցելել Արցախ, իսկ այսօր չի կարողանում անգամ ոտք դնել։ Փաշինյանը հակահայ ծրագրի վերջնակետերն է փորձում դնել։ Դա օտարածին երևույթին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, չի հաջողվելու իրականացնել։ Հայ ազգը բազմիցս ցույց է տվել, որ կարողանում է համախմբվել, միավորվել, հաղթահարել այդ դժվարությունները։ Համոզված եմ, որ հայ ազգը կարողանալու է «Նիկոլ Փաշինյան» դժվարությունը հաղթահարել», - ընդգծեց պատգամավորը։ 

Հարցին՝ իշխանությունները կճանաչե՞ն Արցախն Ադրբեջանի կազմում, Գալստյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 90-ական թվականներին է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ «Նիկոլ Փաշինյանը երևույթ է, որը բարբաջում է ժամանակ առ ժամանակ։ Եվ այդ բարբաջանքները փորձում է կյանքի կոչել։ Այստեղ անելիքը ժողովրդինն է․ պետք է համախմբվի «Նիկոլ Փաշինյան» երևույթի դեմ և միահամուռ դժվարությունը հաղթահարի։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե ժողովուրդը լուռ մնա, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի մեծ մասն ուժի սպառնալիքի ներքո անցնելու են թշնամուն», - եզրափակեց «Արդարության» ղեկավարը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ