Երևանում ԵՄ ներկայացուցչությունը հանդես է եկել քառակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

245613.jpg

Երևանում Եվրամիության ներկայացուցչությունը հանդես է եկել քառակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Այն ներկայացնում ենք ստորև.

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հրավերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը։

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ այն կարող է հիմք հանդիսանալ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի ավարտը։

Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։

Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների գործունեությանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով քառակողմ հայտարարություն է հրապարակվել:

--00—ԶՀ