ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ-ի և ՄԱԿ-ի անդամ 190 երկրներին ճանաչել ԼՂՀ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դս

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին։

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:

Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն  ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում:

Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2010 թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի՝ միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝  Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:

 

 «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական hայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

ք․ Ստեփանակերտ

07102022թ

--00—ԻԴ

Տեսանյութեր