Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, ի՞նչ Ալմա-Աթա, ի՞նչ ՄԱԿ, ինչի՞ մասին ենք խոսում․ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ս

Հայաստանը և Ադրբեջանը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես անկախ պետություններ՝ որոշակի սահմանների վրա, այստեղ խնդիր չկա, բայց դեմարկացիան, դելիմիտացիան լուրջ խնդիրներ են։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքերով տարածված հաղորդագրությանը։

Հոկտեմբերի 6-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Վերջիններս նույնպես ներկա էին եղել հանդիպմանը։ 

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»:

Անդրադառնալով հաղորդագրության վերոնշյալ հատվածին՝ Սահակյանն ասաց, որ այն բավականին հեղհեղուկ էր․ «Եթե օրվա իշխանությունները դեմարկացիա, դելիմիտացիա պետք է անեն «դե էդ սարն ի՞նչ սար ա որ, տարվա կեսը ձյուն ա, մեզ պե՞տք ա» սկզբունքով, խնդրահարույց է։ Հայտարարության հիշյալ հատվածն ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում։ Եվ տարբեր աշխարհաքաղաքական փոփոխությունների, քայլերի ֆոնին արևմտյան գործընկերները փորձում են հանդիպումից որոշակի բան վերցնել»։

«Իշխանությունների քայլերը տարել են պատերազմի, տարածքների կորստի՝ ոչ միայն անվտանգության գոտի համարվող 5 շրջանները, այլև Հադրութը և Շուշին։ Ադրբեջանցին արդեն ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, Ջերմուկն ամբողջովին դիտարկվում է, այս ամբողջը մենք տեսնում ենք, հիմա ի՞նչ Ալմա-Աթա, ի՞նչ ՄԱԿ, ինչի՞ մասին ենք խոսում։ Եթե դելիմիտացիա, դեմարկացիա չի եղել, ինչո՞ւ իշխանությունները Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, թող սպասեին դելիմիտացիա, դեմարկացիա լիներ։ Վստահ եմ, որ աշխատեին, ճանապարհը մեր տարածքում կլիներ։ Խոսում են ՄԱԿ-ի կանոնադրությունից, Ալմա-Աթայի հռչակագրից, Ժնևյան կոնվենցիայից, ադրբեջանցիներն իրենց գործն անում են։ Օրը ցերեկով քո զինվորին զինաթափված, ձեռքերը բարձրացրած գնդակահարում են, ոչ մի արձագանք։ Գնում են, բերանները բաց նստում են ու բանակցում։ Բա ամենալավ հարթակն էր, բարձրացնեիք գերիների, սպանված զինծառայողների թեման», - նշեց Սահակյանը։ 

«Ամբողջ միջոցառման ժամանակ «Արցախ» բառ լսեցի՞ք բացի Ալևի շուրթերից, որ «իրենք մեր ժողովուրդն են, կխոսենք, երբ և ինչպես ուզենք, մի խառնվեք մեր ներքին գործերին»։ Արցախն էս իշխանությունների համար բեռ էր։ Բեռ դարձան Ջերմուկը, ամբողջ Սյունիքը, Սևանի ավազանը, Վերին Շորժան, Ներքին Շորժան արդեն, Ոսկերպարը և այլն։ Հետո Հայաստանն է բեռ դառնալու, եթե շարունակեն», - նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը։

Նա հավելեց, որ իրենք չեն կանգնել Արցախի հրապարակում և չեն հայտարարել՝ որ «Արցախը Հայաստան է և վերջ», որ Ալիևին գործիք չտան ասելու համար, թե «Հայաստանը վիժեցնում է բանակցային գործընթացը»։ «Փոխարենը մեր իշխանության օրոք Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը», - եզրափակեց Սահակյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր