Մակրոնը և Միշելն Արցախի մասին գիտելիք չունեն, Պրահայի հայտարարությունն իրավական ուժ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն ճանաչում է ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների տարածքային ամբողջականությունը, որովհետև եթե որևէ մեկը լրջորեն հայտարարի, որ այդ սկզբունքը չի ընդունում, նշանակում է՝ քայլ է անում ՄԱԿ-ի անդամակցությունից դուրս գալու համար, այնպես որ՝ Պրահայի հայտարարության անհրաժեշտությունը չկար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով, Պրահայի հայտարարության մեջ պետք է Փաշինյանի պնդմամբ արձանագրվեր, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք և եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա իր զորքերը պետք է դուրս բերի ՀՀ տարածքից, այլապես՝ ստացվում է, որ Ադրբեջանի ղեկավարը բոլորին ծաղրում է, երբ ասում է, որ հարգում է տարածքային ամբողջականությունը, բայց զորքերը գտնվում են ՀՀ տարածքում:

«Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցած անձանցից որևէ մեկը որևէ լիազորություն չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այդ թվում՝ նաև ՀՀ ղեկավարը: Երբ մի պաշտոնյա մեկին հրավիրում, ասում է՝ սենյակ հատկացնենք, նստենք, խոսենք, դա բանակցություն չէ, խոսակցություն է, որը կարող է չնչին ազդեցություն ունենալ:

Ո՛չ Մակրոնը, և ո՛չ էլ Շառլ Միշելը բանակցություն վարող չեն, գիտելիք ու փորձ չունեն, միայն առաջարկում են նստել ու խոսել, ընդունված հայտարարությունը որևէ իրավական արժեք չունի»,-ավելացրեց Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր