Ստեփանակերտի հավաքին ժողովուրդը ձևակերպված պահանջ չուներ, շուտով նոր թափով շարժում կմեկնարկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Երեկվա հանրահավաքը մի փոքր խառն էր, հավաքվելու կոչերը եղան սոցիալական հարթակներից, մարդիկ դուրս եկան իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից հետո։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում երեկ գիշերը սկսված հավաքին։

Հանրահավաքի վայրում մարդկանց ձեռքին կային «Մենք Ադրբեջանի քաղաքացիներ չենք», «Արցախն Ադրբեջան չէ», «Ալիեւ ահաբեկիչ», «Մենք խաղաղություն ենք ուզում» գրություններով պաստառներ։

Հոկտեմբերի 6-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո ՀՀ կառավարությունը հաջորդ օրը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում խոսք չկար Լեռնային Ղարաբաղի մասին։

Բանակցությունները տեղի էին ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման գագաթնաժողովի շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»:

Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Արցախը՝ որպես առանձին միավոր, իր համար գոյություն չունի, և որ Ղարաբաղն իր տարածքն է։ 

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքերով, որպես այդպիսին, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքն առաջնորդներ, կազմակերպիչներ չուներ, ինքնաբուխ էր։

««Հանուն Արցախի պաշտպանության» շարժումն է մեկնարկում, որն ունի համակարգողներ։ Շարժմանը միացել է նաեւ մեր ուժը, բայց առանց քաղաքական դրսևորումների։ Այնտեղ ներկա էին նաեւ 200-300 համակարգողներ։ Բայց երբ որ իրավիճակը փոխվեց և մարդիկ հայտնվեցին, ովքեր ցուցարարներին տանում էին արկածախնդրության, շարժման համակարգողներն ուղղակի հետ քաշվեցին։ Որից հետո շարժումը մարեց, որովհետև ժողովրդի շարժումը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին փորձում էին կազմակերպել որոշ անձինք։ Ժողովրդի պահանջն իշխանափոխությունը չէ, շատ ավելի բարձր պահանջ է։ Շուտով ականատես կլինեք «Հանուն Արցախի անվտանգության» ժողովրդական շարժման մեծ թափով մեկնարկին, որն արդեն բավականին լուրջ խնդիրներ կկարողանա լուծել», - հավելեց քաղաքական գործիչը։

Երեկ հանրահավաքի վայր էին դուրս եկել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և մեծամասնություն կազմող «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խնբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իր նշած մարդիկ, որոնք հավաքվել էին «անձնական ամբիցիաներից ելնելով», այդպես էլ կոնկրետ հարց չուղղեցին իշխանական թեւին։

«Եվ երկրորդը, Արցախի նախագահն Արցախում չէր։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ անձինք ինչ պահանջներ ունեին։ Իսկ ժողովուրդը կոնկրետ ձևակերպած պահանջ չուներ։ Ժողովրդի պահանջը մոտ օրերս ձևակերպված, մեծ թափով կտեսնեք», - եզրափակեց արցախցի պատգամավորը։

--00—ԼՄ