«Բոլորիս նպատակը նույնն է». Դումանյանն ու Անդրեասյանը քննարկել են դասագրքերի մրցույթի չափորոշիչները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանի և Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարինե Կարախանյանի հետ:

Վերջիններս հրապարակային մտահոգություն էին հայտնել հանրակրթական առարկայական չափորոշիչների և դասագրքերի մրցույթի վերաբերյալ: Նրանք առաջարկել էին առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ հրապարակել և դնել հանրային շահագրգիռ քննարկման, առայժմ չհայտարարել դասագրքերի մրցույթ, ինչպես նաև դրանք քննարկել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ:

Հանդիպումը կայացել է Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ՝ նշված խնդիրները քննարկելու, նախարարության մոտեցումները ներկայացնելու, ինչպես նաև մասնագետների առաջարկները լսելու նպատակով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ դեռևս մշակման փուլում ներկաներից ոմանք ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա լրամշակվել են համապատասխան ծրագրերը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկված առարկայական չափորոշիչների և ծրագրերի քննարկման փուլն արդեն ավարտվել է. դրանք լրամշակվել և հաստատվել են նախարարի հրամանով:

«Մենք բաց ենք մասնագիտական դաշտում ընթացող ցանկացած քննարկման համար: Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ նպատակով էլ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ներկաների բարձրաձայնած մի շարք դիտարկումներ թյուրընկալման կամ անտեղյակ լինելու արդյունք են և իրականությանը չեն համապատասխանում: Այսպես՝ առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ հրապարակվել և հասանելի են եղել դեռևս 2021 թվականի ապրիլից և անցել են հանրային լայն քննարկում, չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով ժամանակին հայտարարվել է բաց մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած ոք, այդ թվում՝ ներկաները, չափորոշիչները և ծրագրերը մշակել են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված շուրջ 70 մասնագետները: Վահրամ Դումանյանը շեշտել է՝ նոր չափորոշիչների շրջանակում դեռևս որևէ դասագիրք չի հրապարակվել. առաջիկայում այդ նպատակով կհայտարարվի մրցույթ:

Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է մշտապես անցկացնել տարբեր հանդիպումներ և բաց է մասնագիտական առաջարկների համար:

--00—ԼՄ