Սեպտեմբերի 13-ին անձնակազմի և տարածքների առումով ավելի մեծ կորուստներ ենք կրել, քան Ապրիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սեպտեմբերյան մարտերի հաջորդ օրվանից սկսած՝ Ջերմուկի, Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները ծանր տեխնիկա են կիրառում, ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, մեր կողմից ևս տարբեր հատվածներով աշխատանքներ են կատարում, բայց իրենց ռեսուրսներն անհամեմատ մեծ են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը:

Նրա խոսքով, սեպտեմբերին թշնամու կողմից պլանավորած հարձակում է եղել կոնկրետ բարձունքների, բլուրների և որոշակի առավելություն ունեցող հատվածների վրա և մեծամասամբ հաջողվել է նրանց, ինչպես ԳՇ պետն է հայտարարել՝ հակառակորդը 7.5 կմ ճակատով և 8.5 կմ խորությամբ մխրճվել է մեր տարածք:

«Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում ադրբեջանցիների հաջողությունները փոքր չեն, իրենց զոհերը, ճիշտ է, երկու-երեք անգամ շատ են, բայց այդ խորությամբ հակառակորդի տարածք մխրճվելը միանշանակ իրենց համար ձեռքբերում է:

Սեպտեմբերի 12-ի գիշերը և 13-ի առավոտյան տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ անձնակազմի և տարածքային առումով ունեցել ենք ավելի մեծ կորուստներ, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց քանի որ սեպտեմբերյան մարտերը կարճ են տևել, հասարակության մեջ այդ ընկալումը չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ