Փաշինյանին ասել եմ՝ ասա ճշմարտությունը ժողովրդին, թե ի՞նչ եք քննարկում Արցախի հարցով. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Քաղաքական միամտություն և ինքնախաբեություն է հավատալ, որ Ադրբեջանը զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս կհանի, Ալիևը մեր տարածքները չի զավթել, 200 զինվոր սպանել, պատերազմական գործողություններ արել, որ ինչ-որ կոչով զավթած տարածքներից զորքերը դուրս բերի, պետք է պատրաստ լինենք թշնամուն մեր տարածքներից վռնդելու, դա պետք է լինի պետական քաղաքականության անկյունաքարերից մեկը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«ժողովրդին պետք չէ խաբել, Բլինքենի հորդորով, Մակրոնի սրտաճմլիկ հայտարարություններով կամ ՀԱՊԿ-ի կոչով Ադրբեջանը իր զորքերը Հայաստանի տարածքից դուրս չի հանի: Մինչև հիմա Ադրբեջանը որևէ ճնշման չի ենթարկվել, գործ ունենք մեծամիտ, ամբիցիոզ, մի ինքնասիրահարված մարդու հետ, որ թվացյալ հաջողությունից օգտվում է և ձգտում հասնել առավելագույնի: Նա Թուրքիայի հետ փորձում է տարածաշրջանում նոր ստատուս քվո ձևավորել և իրավիճակ թելադրել»,- ավելացրեց նա:

Նորիկյանի կարծիքով, եթե Ռուսաստանի առաջարկած տարբերակը ընդունվի և Արցախի հարցը անորոշ ժամանակով հետաձգվի, նշանակում է՝ ՌԴ զորքերը պետք է մնան Արցախում, իսկ այդ դեպքում Ալիևը Արցախի նկատմամբ չի կարողանալու ամբողջական գերիշխանություն հաստատել, ինչը ձեռնտու չէ Ալիևին, քանի որ ադրբեջանական հասարակությունը զարթնելու է թմբիրից և հարցնի՝ ի՞նչ եղավ «Ղարաբաղ բիզիմդիրը»:

«Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ ասա´ ժողովրդին ճշմարտությունը, ի՞նչ խնդիր է քննարկվում Արցախի համար, եթե ՌԴ սցենարով կարգավիճակի հստակեցումը հետաձգվում է անորոշ ժամանակով, որևէ երաշխիք կա՞, որ երբ ժամանակը գա, դա ի նպաստ հայ ժողովրդի կլինի:

Դեռևս ոչ մի հիմնավորված պատճառաբանություն չկա, որ ժամանակը մեր օգտին է աշխատում: Ամբողջ խնդիրը հասունանում է ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ համապարփակ լուծման շուրջ, այլ՝ ՌԴ զորքերի հետագայում մնալու մասով, թե երկուսուկես տարի հետո ի՞նչ է լինելու նրաց հետ»,-նկատեց Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ