Ալիևը դժվար իրավիճակում է՝ վստահ չէ, որ իր ռազմական հաջողությունները կկարողանա վերածել քաղաքականի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ալիևը, ազդարարելով Ռուբեն Վարդանյանին որպես ՌԴ-ի կողմից ուղարկված մարդ, փորձում է բախման բերել մեծ տերությունների շահերը՝ երկրներին անուղղակի կոչ անելով միջամտել և սատարել Ադրբեջանի դիրքորոշմանը, որպեսզի ՌԴ-ն Արցախում չամրապնդվի:

Սա վտանգավոր քաղաքականություն է, որովհետև որոշակի ժամանակ կարող ես խաղալ գերտերությունների շահերի հետ, բայց, ի վերջո, շահում է այն ուժը, որն ավելի մեծ հնարավորություններ ունի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ռուբեն Վարդանյանին ուղղված Ալիևի հայտարարությանը:

Միրզոյանի համոզմամբ, Արցախի հարցի լուծման համար կարևոր է Արցախի ժողովրդի գործոնը, եթե արցախահայությունը շարունակի միասնական դիրքորոշում ցուցաբերել, կարող է իրադարձությունները զարգացնել իր օգտին, և օրեր առաջ Արցախում արված հանրահավաքը շատ կարևոր մեսիջ էր, որ չնայած Արցախի ժողովուրդը գտնվում է վատ վիճակում, բայց պայքարելու է իր իրավունքների համար:

«Ալիևը մեծ խնդիրներ ունի, Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության ոլորտում շարժվում է Թուրքիայի օրակարգով, դարձել է Թուրքիայի հլու կամակատարը, որը պայմանավորված է Էրդողանի անձով, սակայն մյուս տարի Թուրքիայում ընտրություններ են և ոչ մեկ չի կարող հստակ երաշխավորել, թե ո՞ր ուժը կհաղթի: Պարզ է, որ ընտրությունները ցնցումներով լի է լինելու և Ալիևն ուզում է հասկանալ՝ ի՞նչ կարող է անել, եթե Էրդողանը ընտրություններից հետո հեռանա»,- ավելացրեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ