Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ են եղել Արմավիրի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և վարչությանը ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ, մյուս դեպքում՝ հրացան ու դարձյալ փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզները։ Արդյունքը՝ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ Արմավիրի մարզային վարչության ու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Բաղրամյանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00—ԼՄ