Դատական կատարողների միջազգային միությունը 70 տարեկան է․ Մեղրյանը Փարիզում միջոցառման է մասնակցել 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը և Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով, նոյեմբերի 24-25-ը Փարիզում մասնակցել են Միության ամենամյա լիագումար նիստին և Միության 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Լիագումար նիստի օրակարգային հարցերն առնչվել են թվային արժեքների բռնագանձման վերաբերյալ համընդհանուր նոր օրենսգրքի իրազեկմանն ու կիրարկմանը, որոնք ուղենիշային կարող են լինել Միության անդամ պետություններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում թվային արժեքների բռնագանձման հնարավորությունները դիտարկելու, համապատասխան օրենսդրական կարգավորումների արդյունքում հարկադիր կատարման ոլորտում այն կիրառելու համար։

Ծառայության պատվիրակությունը մասնակցել է Միության անդամ պետություններում էլեկտրոնային արդարադատության, մասնավորապես՝ էլեկտրոնային կատարողական վարույթի ներդրման ճանապարհին հանդիպող մարտահրավերների հաղթահարմանը նվիրված կլոր-սեղան քննարկումներին։

Այցի շրջանակում Սերգեյ Մեղրյանն առանձին հանդիպումներ է ունեցել Միության նախագահ Մարկ Շմիցի և գործընկեր այլ կառույցների ղեկավարների հետ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Միության լիիրավ անդամ է 2015 թվականից։

--00—ԼՄ