Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. կեղծ թեզեր է շրջանառում ու պատրաստվում ագրեսիայի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Ադրբեջանը հնարավոր է՝ մեծ ծավալի ագրեսիայի դիմի, 1 ամսում 13 անգամ հրադադարը խախտվել է: Երեկվա դեպքը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, այս ամսվա ընթացքում արձանագրված բոլոր դեպքերը հստակ ցույց են տալիս, որ այս միջադեպերը ադրբեջանցիների կողմից էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության հետևողականորեն իրականացվող գործողություններ են: Այս մասին 24 TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 28 ին, Արցախի արևմտյան հատվածում ադրբեջանցիների կողմից հրաձգային զինատեսակներ կիրառեու դեպքին, որի հետևանքով երկու զինծառայող վիրավորում է ատացել:

Անդրադառնալով մեկ շաբաթ շարունակ Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ տեղեկություններին, որ հայկական կողմն է կրակոցներ հնչեցրել, Ստեփանյանը նկատեց, որ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիաների դիմելուց առաջ մշտապես ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով լեգիտիմ հիմք ձևավորել, ինչպես իրենք են նշում՝ «պատժիչ» գործողություններ ձեռնարկելու համար և այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տալիս, հնարավոր է՝ պատրաստվում են մեծ ծավալի ագրեսիայի:

Անդրադառնալով մեկ այլ ապատեղեկատվության, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Ստեփանյանը նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թեև Ադրբեջանը ֆիքսել է Լաչինի միջանցքի առկայությունը, բայց չի կարողանում հաշտվել այդ դրույթի հետ, փորձում է Լաչինի միջանցքը դիտարկել որպես մեծ զիջում Արցախին և զուհեռ տանել Սյունիքով անցնող ճանապարհների, կամ ինչպես իրենք են ասում՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, ինչը, Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ, փաստերի և իրականության խեղաթյուրում է:

«Ադրբեջանը, մեղադրելով Լաչինի միջանցքը՝ իբր թե ռազմական նպատակով օգտագործելու մեջ, փորձում է ՌԴ խաղաղապահների հեղինակությունը կասկածի տակ դնել և ստվերել նրանց աշխատանքը, այս ամենին գումարած՝ նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից կոչեր են արվում, որ խաղաղապահները օգտագործեն ադրբեջանական անվանումներ և այլն:

Իմ կարծիքով՝ կեղծ թեզերը շրջանառության մեջ են դրվում տրամադրությունները ստուգելու համար, որ եթե նման քայլի դիմեն, ինչ արձագանք կլինի: Նրանք հեռու չեն նաև միջանցքը փակելու մտքից, նման թեզերը շրջանառվում են այդ գաղափարները սպասարկելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ