Հայաստան այցելելիս անպայման եղեք մարզերում, սեփական աչքերով տեսեք սահմանային դարձած գյուղերի վիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

default

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Սիդնեյում հանդիպել է հայ համայնքի հետ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը, որոնք հավաքագրել է հիմնադրամը։

Հանդիպմանը ներկա են եղել հանրային գործիչներ, փորձագետներ, լրագրողներ և այլք։

Արման Թաթոյանը մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը կատարում է թե՛ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել է հայատյացության ու թշնամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը, իրականում չունի խաղաղության մտադրություններ: Առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Արման Թաթոյանը կարևորել է այս պայմաններում հանրային համերաշխությունը և բոլորի ջանքերի համատեղումը երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ։ Նա ներկաներին կոչ է արել Հայաստան այցելելիս անպայման լինել մարզերում, սեփական աչքերով տեսնել սահմանային դարձած գյուղերի վիճակը։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի այցն Ավստրալիա կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով, որի ընթացքում տեղի են ունենալու մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հիմնադրամի գործունեության ուղղությունների ու կատարված աշխատանքների հետ կապված։

--00—ՅՄ