Բաքվի և Անկարայի զորավարժությունն ուղղված է Երևանի ու Թեհրանի դեմ. 100 տարվա ծրագիրն են իրագործում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ս

Հայաստանի հետ կապված Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները դեռևս վերջին չեն հասել, թուրքերի ախորժակն ուտելիս է բացվում։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրել էին, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են համատեղ զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ռազմական ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ։

Զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքը և Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանակից «Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների» տարածքները։

Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով, վերջին երկու տարում տեսանելի էին Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումները․ «Ադրբեջանը «Ղարաբաղ, Ղարաբաղ» էր ասում, ստացավ, հայտարարում է՝ «Ղարաբաղի հարցը լուծված է», արդեն Հայաստանից է հողատարածք, միջանցք պահանջում»։

Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները նույնն են։ Թուրքիան ինչ-որ պահանջներ է դնում սահմանները բացելու դիմաց։ Հիմա էլ է պահանջներ դնում, բայց այն չէ, որ 30 տարի առաջ էր դնում, այլ արդեն հողային, սահմաները բացելու։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին չի խոսում ընդհանրապես»։

Լոքմագյոզյանն ասաց, որ այսպես շարունակվելու է, մինչև այս երկրներն իրենց նպատակին հասնեն․ «Իրականացնում են այն ծրագիրը, ինչը չկարողացան 100 տարի առաջ, նաև Հայաստանի կառավարության շնորհիվ։ Ծրագրում են ամբողջ Սյունիքը, Հայաստանը վերցնել և մեզ թողնել մի տարածք՝ Սևանի արևմտյան ափից մինչև Էջմիածին»։

Իսկ «թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ուղղվա՞ծ են արդյոք նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ հաշիվ առնելով, որ այդ երկրի սահմանների մոտ էլ է իրականացվում» հարցին, թուրքագետը պատասխանեց․ «Վերջին տարիների իրադարձություններն առաջին հերթին Իրանի դեմ են ուղղված»։

«Եվ դա միայն թուրքական ծրագիր չէ։ Նաև արևմտյան ծրագիր է, հիմնական թիրախն Իրանն է։ Իսկ Իրանին հասնելու համար նախ պետք է տարածաշրջանը «մաքրեն»․ առաջին հերթին «մաքրեցին» Արցախի հարավը, այսինքն՝ Իրանի սահմանին մոտ հատվածը։ Հետագայում նաև ուզում էին Մեղրիի տարածքն այդ ծրագրի մաս դարձնել, սակայն Իրանը դրա դեմ կտրուկ արտահայտվեց։ Մի քիչ հետ կանգնեց Արևմուտքը, սակայն չհրաժարվեց այդ ծրագրից։

Այսօր արդեն ոչ թե Մեղրիի, այլ ամբողջական Սյունիքի մասին են խոսում։ Իրանի դեմ է ուղղված, բայց Հայաստանն էլ է ոտնատակ արվում։ Եվ Հայաստանն էլ Թուրքիային այս ծրագի մասով այսքանով է հետաքրքիր։ Մինչև 2023 թվականի նախագահական ընտրութունները՝ գնալով Թուրքիան ավելի վտանգավոր է դառնալու։ Եվ եթե Թուրքիան ինչ-որ բան է անում, Ադրբեջանն էլ արդեն մասնակից է դրան», - եզրափակեց թուրքագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ