ՔԾ-ն հերքում է, թե Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալներից մեկն ինքնասպանության փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ք

Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունների գործով կալանավորված Վրույր և Արկադի Բարսեղյաններից մեկի՝ կալանավայրում ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին 24News-ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ Mediahub-ը կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Արթիկի կալանավայրում երկու ամսով նախնական կալանք ստացած ենթադրյալ հանցագործներից մեկը (հանգամանքներից ելնելով անունը չենք հրապարակում) Արթիկի քրեակատարողական հիմնարկի աշխատակցից պարան է խնդրել, ըստ երեւույթին՝ կախման եղանակով ինքնասպանություն գործելու նպատակով։

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում սեփական տանը հայտնաբերել էին 31-ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս երեխաների՝ 12 տարեկան դստեր և 8 տարեկան որդու մարմինները։ Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը, ով ըստ ոստիկանության, տվել էր ինքնախոստովանական ցուցմունք։ Հաջորդ օրը ձերբակալվել էր Արկադի Բարսեղյանը։ Նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ