Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

65

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի: Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000: Գրում է Հետք-ը։

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն են կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

--00—ԻԴ