Դատավորների բեռնաթափումից՝ մինչև վարձատրություն․ Դիլիջանում դատավորների աշխատաժողով է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

2

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում ներկա է գտնվել դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովին, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ և դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ:

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել և առաջարկել են օրենսդրական տասնյակ լուծումներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնել դատական գործընթացները, ինչն էլ իր հերթին կարագացնի դատավարության ընթացքը և կբեռնաթափի դատավորներին:

նկար

Դատավորներն անդրադարձել են նաև իրենց աշխատանքի արդարացի գնահատման համակարգի ներդրմանը, ինչպես նաև դրա հիման վրա՝ արդարացի առաջխաղացմանն ու վարձատրությանն առնչվող հարցերին:

Աշխատաժողովի մեծամասնությունը որոշել է յուրաքանչյուր տարի կազմակերպել դատավորների աշխատանքի գնահատում, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:
Քննարկումների արդյունքում առաջարկվել են նաև Առաջին ատյանի դատարանում գրավոր ընթացակարգերի ներդրման հնարավորության, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների բեռնաթափման վերաբերյալ օրենսդրական լուծումներ, ինչպես նաև դատական իշխանության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մասին մի շարք այլ կարգավորումներ:

Աշխատաժողովի ներկաները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով նպաստել օրենսդրական հրատապ լուծումներով դատարաններն ու դատական գործընթացները բեռնաթափելու առաջարկների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և կխթանի օրենքի և իրավունքի գերակայության վրա հիմնված դատական իշխանության զարգացմանն ու ամրապնդմանը:

--00—ԼՄ