ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձրացրել է իր պաշտոնավարման հարցը. ինչպես են արձագանքել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՍԴ Դիլանյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս եւ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա:

Արման Դիլանյանը նաեւ հայտնեց, որ իր գործընկերներից որեւէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է կատարել իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ