Թուրքիան մշտապես սպառնում է ՀՀ-ին,նրանք իրականացնում են Էրդողանի շուրթերից հնչող մտքերը․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ք

Թուրքիայի իշխանությունները՝ սկսած նախագահից մինչև արտգործնախարար, Ազգային ժողովի նախագահ, հետևում են պաշտոնական գծին, իսկ այն Էրդողանի շուրթերից հնչող միտքն է, որ «Ադրբեջանը և Թուրքիան խաղաղության ձեռք են մեկնել, և Հայաստանը չպետք է անպատասխան թողնի, եթե ուզում է զարգանալ»։ Այս մասին 24News-ին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարություններին։

«Անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի՝ խաղաղության համար պարզած ձեռքը», - հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ երեքշաբթի օրը Բաքվի մերձակա «Պերեքիշկուլ» զորավարժարանում «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով։

Աքարը նաև բարձր էր գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն ու տարածաշրջանում «խաղաղության, կայունության և զարգացման» մասին հայտարարությունները, խոսել էր տարածաշրջանային կապուղիների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքերով, երեկ նույնն ասում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների փոփոխություներին, նոր զարգացումներին։

«Նորմալ է, որ իրենք սպառնում են։ Այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը Հայաստանի, Արցախի անվտանգության դեմ է ուղղված, փաստ է։ Այսինքն՝ պետք չէ սպառնալիքները կապել միայն Աքարի հայտարարությունների հետ, դա մշտական գործընթաց է», - նշեց Իսպիրյանը։

Հարցին՝ կարո՞ղ է «Թուրքիայի և Ադրբեջանի՝ խաղաղության համար պարզած ձեռքը» նշանակել, որ Աքարը Հայաստանի կոչ է անում առանց միջնորդների բանակցել, թուրքագետը պատասխանեց․ «Հայաստանը և Ադրբեջանն ինչպե՞ս կանեն, մեծ հաշվով Աքարին չի հուզում իր պաշտոնական դիրքի շրջանակներում։ Այլ հարց, որ Թուրքիայի նախագահին և ԱԳ նախարարին է հուզում, որ Հայաստանն ուղիղ շփվի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։

Աքարը ներկայացնում է պաշտոնական գիծը։ Բավականին շատ հայտարարություններ եղան Թուրքիայի կողմից, որ կարիք չկա, որ «3-րդ երկրում լինեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները, պետք է լինեն Հայաստանում կամ Թուրքիայում», որ կարողանան ուղիղ ճնշում գործադրել հայկական կողմի վրա»։

«Թուրքերն այնքան միամիտ չեն, որ մտածեն՝ Հայաստանն առանց միջնորդի կգնա բանակցությունների։ Թուրքիան և Ադրբեջանը ոչ վստահելի գործընկերներ են միջազգային հարաբերություններում։ Հայաստանն էլ այնքան միամիտ չի լինի, որ առանց երաշխիքների, առանց միջնորդների կգնա Ադրբեջանի հետ համաձայնության», - եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ