Բացահայտվել են Իլհամ Ալիևի և ԱՄՆ 2 գեներալի կոռուպցիոն գործարքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դս

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը մի հոդված է հրապարակել, որտեղ մանրամասներ է հայտնել ամերիկյան բանակի պաշտոնաթող 2 գեներալի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած կոռուպցիոն գործարքների մասին։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում ԱՄՆ-ի ռազմական առաջնորդները հակվեցին դեպի Ադրբեջանը՝ գործակցելու նախագահ Իլհամ Ալիևի հետ, չնայած ԱՄՆ դեսպանատան զեկույցին, որը Ալիևին հռչակում էր որպես «ուժեղ մարդ» և նրան համեմատում «Կնքահայրը» ֆիլմի մաֆիոզների հետ»: Գրում է radar.am-ը։

Հոդվածում նշվում է, որ Պենտագոնի պաշտոնյաները մի կողմ թողեցին Ադրբեջանի կոռուպցիոն ավանդույթների վերաբերյալ մտահոգությունները՝  կենտրոնանալով ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի վրա և փորձելով համոզել Իլհամ Ալիևին՝ բացել իր երկրի սահմաններն ու օդային տարածքը դեպի Աֆղանստան։ Այդ ուղիները, որոնք Ալիևը, ըստ պարբերականի, կարող էր հրաժարվել տրամադրել ԱՄՆ-ին, վերջինիս և ՆԱՏՕ-ի համար անհրաժեշտ էին մատակարարման խնդիրները լուծելու համար. «Փոխարենը ԱՄՆ պաշտոնյաները խոստացան ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն ԱՄՆ դոլարի պաշտպանական պայմանագրեր ապահովեցին «Silk Way Airlines» ադրբեջանական բեռնափոխադրողի համար, որն, ըստ ամերիկյան հետաքննիչների, վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Ավելին, նույն խմբին պատկանող Silk Way Bank-ի սեփականատերերից մեկը Ալիևի դուստրն է»։ 

2010թ. ԱՄՆ-Աֆղանստան պատերազմի ամենաթեժ պահին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոխադրումների, մասնավորապես՝ վառելիքի, սննդի և շինանյութերի, մոտ 1/4-րդը իրականացվում էր Ադրբեջանի տարածքով:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունկան ՄաքՆեբը և Ուիլյամ Ֆրեյզերը, որոնք 2008-2014թթ․ վերահսկում էին ԱՄՆ-ՆԱՏՕ մատակարարման ուղիները դեպի Աֆղանստան, ավելի ուշ փորձեցին կապիտալիզացնել իրենց կապերն Ադրբեջանում: Ըստ հետաքննության՝ ակտիվ ծառայությունից թոշակի անցնելուց հետո չորս աստղի կոչմանը հասած գեներալները արժեքավոր խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way Airlines-ի հետ։ Համաձայն The Washington Post-ի ստացած փաստաթղթերի՝ այդ գործարքի արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կարող էր օրական 5000 ԱՄՆ դոլար ստանալ: Երկու գեներալներն էլ աշխատանքի առաջարկ են ստանում անմիջապես թոշակի անցնելուց հետո, երկուսն էլ՝ ադրբեջանական պետական «Silk Way Airlines» ընկերության կողմից։

Ըստ The Washington Post-ի՝ ամերիկյան բարձրագույն զինվորականության շրջանում տարածված պրակտիկա է եղել թոշակի անցնելուց հետո խորհրդատվական կամ պայմանագրային գործունեություն ծավալել իրենց աշխատած երկրներում՝ անկախ մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրներից, որոնք առկա են այդ երկրներում։

--00—ԻԴ