Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը կացնով փորձել է վրեժ լուծել․ ոստիկանությունը կանխել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Վ

Ոստիկանությունը տեղեկություն է փոխանցել 24News-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրում գիշերը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն էր շրջանառվում լրատվամիջոցներում։

Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը փորձել է վրեժ լուծել։

«Նա իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ տանող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանի տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու նպատակով», - գրել էր «Առավոտ»-ը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը, անուն չնշելով, 24News-ին հայտնեց, որ գործողությունները կանխվել են։

«Դեկտեմբերի 7-ին ժ. 00.44-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ծառայություն կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողները նկատել են, որ կանգնած մեքենայից քաղաքացին իջնելով վազել է, մոտեցել և ոտքով հարվածել-բացել է տներից մեկի բակ տանող դուռը, մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել դուռը։

Սակայն նրա գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից: Կացինը վերցվել է», - փոխանցեց Գաբրիելյանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Միջադեպի թեմայով 24News-ը փորձեց զրուցել Պեմզաշենի ղեկավար Աղասի Վարդանյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում սեփական տանը հայտնաբերել էին 31-ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս երեխաների՝ 12 տարեկան դստեր և 8 տարեկան որդու դիերը։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը, ով, ըստ ոստիկանության, տվել էր ինքնախոստովանական ցուցմունք։ Հաջորդ օրը ձերբակալվել էր Արկադի Բարսեղյանը։

Նրանք ունեն սպանության մեղադրյալի կարգավիճակ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ