Արարատ Միրզոյանը Ֆեդերիկո Վիլեգասին է ներկայացրել վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են վերջին երեք տարիներին Հայաստանի՝ ՄԻԽ-ում ծավալած գործունեությանը, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները: Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են:

--00—ՅՄ