Լաչինում Ադրբեջանի հատուկջոկատայիններ են հավաքվել, ղեկավարվում են Ալիևի կողմից. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Լաչինի միջանցքում հավաքված 200-ից ավելի ադրբեջանցիները բնապահպաններ չեն, հատուկ ջոկատայիններ են, որոնք լավ տիրապետում են հայերենին: Ակնհայտ է, որ այս ամենը Արդրբեջանի նախագահի մակարդակով կազմակերպված գործողություններ են Արցախի բնակչությանն ահաբեկելու և հումանիտար աղետ ստեղծելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորի փոխանցմամբ, Լաչինի միջանցքում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները պահանջ են դնում մուտք գործել Մարտակերտում գտնվող հանքավայր և վերահսկել այն, ինչը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում և չեղարկում է, քանի որ իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու:

Հակոբյանի համոզմամբ, Ադրբեջանը նման գործողությունների է դիմում, որ Սյունիքի հատվածից միջանցք ստանա, քանի որ Ալիևը դեռ ամիսներ առաջ է հոխորտացել, որ եթե Սյունիքով միջանցք չտրվի իրենց, փակելու են Արցախը ՀՀ-ին կապող կենսական ճաապարհը:

«Երեկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքից հետո մենք ակնկալում էինք, որ այսօր՝ առավոտյան, ՀՀ-ում կտեսնեինք հստակ պահանջով ինքնաբուխ հավաքներ դեսպանատների, ՄԱԿ-ի, Կառավարության, ԱԺ-ի դիմաց, քանի որ 120 հազար հայրենակիցներ շրջափակման մեջ են գտնվում:

Մեկ ամբողջ օր ադրբեջանցիները փակել են մայրուղին, բայց Հայաստանի իշխանությունը որևէ գործողությունում ներգրավված չէ, բացարձակ անգործության է մատնված: Առաջին անգամ՝ դեկտեմբերի 3-ին, երբ ադրբեջանցիները միջանցքը փակեցին, ՀՀ իշխանությունը գիտեր, որ ադրբեջանցիները կազմակերպված քայլերի են դիմելու, բայց կրկին ուշացան և անհետևողական եղան»,-ավելացրեց պատգամավորը:

Հակոբյանը ընդգծեց, որ երեկվանից ադրբեջանցիները խնդիր են դրել՝ սադրելու ռուս խաղաղապահներին, բախումներ առաջացնելու, որ մեղադրեն նրանց սադրանքի դիմելու համար, հետագայում հարց բարձրաձայնեն նրանց տարածքից հեռացնելու համար, սակայն դա նրանց չի հաջողվում, խաղաղապահները սադրանքին չեն տրվում:

«Ադրբեջանցիները ցանկանում են մանդատից զրկել ռուս խաղաղապահներին և հասնել նրան, որ միջազգային խաղաղապահ զորախմբեր հայտնվեն Արցախում, ինչը նշանակում է Արցախում Թուրքիայի ներկայություն, դա կլինի Արցախի կործանումն ու հանձնումը, որից հետո հեշտ կիրականացնեն Հայաստանի հետ իրենց ծրագրերը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ