Արցախի կառավարությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել հանքավայրի շահագործումը․ դիմել են ՄԱԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել  է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում է ստորև.

«Արցախի Հանրապետության կառավարության որոշումը՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գործունեության հետ կապված հայտարարության մասին․
 
Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն, հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
 
Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։
 
Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:
 
Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»:

--00—ԼՄ