Արցախցի երեխաները Գորիսում դպրոց կհաճախեն, այս մղձավանջը կավարտվի ու թշնամին չի' հասնի իր նպատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

174343

Հայաստանում գտնվող արցախցի երեխաներն իրենց ուսումը վաղվանից կշարունակեն տարբեր հանրակրթական դպրոցներում: Այս մասին 24 News-ին հայտնեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը;

Թե քանի երեխա իր ուսումը կշարունակի Հայաստանում, նախարարի խորհրդականը չնշեց` ընդգծելով, որ Հայաստանում Արցախից գտնվող 270 երեխաների մեջ կան նաև ոչ դպրոցահասակ երեխաներ, այդ պատճառով հստակ թիվ հնարավոր չէ նշել նշել:

«Երեխաների մի մասը կհաճախի Գորիսի թիվ 1 դպրոց, կան նաև երաժշտական քոլեջի ուսանողներ, նրանք էլ կհաճախեն երաժշտական դպրոց: Հույս ունենք, որ ճանապարհը շուտ կբացվի և երեխաները կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր և իրենց ուսումն այնտեղ կշարունակեն: Թշնամին էլ դա է ուզում, որ երեխաները զրկված լինեն կրթություն ստանալու իրավունքից, չպետք է թույլ տանք, որ թշնամու նպատակը իրագործվի: Դժվար իրավիճակում ենք հայտնվել, պարտավոր ենք միասին հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հուսով ենք, որ այս մղձավանջը շուտով կավարտվի և կվերականգնվի մեր երեխաների ոտնահարված իրավունքները և երեխաները կհասնեն իրենց ծնողներին»,- ընդծեց Գյանջումյանը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը 24News-ին տեղեկացրեց, որ այս պահին կրթության բաժնի աշխատողները վերջնական աշխատանքներն են իրականացնում, երկու ժամվա ընթացքում կհստակեցվի, թե որ երեխաները, որ դպրոց են հաճախելու:

«Բոլոր երեխաները պատրաստակամ են դպրոց հաճախելու հարցում, ուղղակի, փորձում ենք այնպես անել, որ երեխաների ցանկությամբ դպրոցը ընտրվի և իրենց ապրելու տեղին մոտ տարածքում հաճախեն կրթական հաստատություն:

Հիմնականում միջին տարիքի երեխաներ են, կան նաև պարի խմբի և երաժշտական դպրոցից երեխաներ, որոնք կհաճախեն երաժշտական դպրոց: Մեր աշխատակիցներն ամեն ինչ անում են, որ Հայաստանում գտնվող բոլոր երեխաները վաղվանից հաճախեն դպրոց, հոգալու ենք նաև դասագրքերի, գրենական պիտույքների հարցը»,- պարզաբանեց Գանդալյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ