Նոր Նորքի և Նորք-Մարաշի մեր քաղաքացիների համար կկառուցենք կենտրոնին կապող այլ ճանապարհներ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ю

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․

«Մեկնարկել ենք 2 կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեր քաղաքացիների համար կկառուցենք Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ:

Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց(էստակադա): Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները: Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն:

Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները կսկսենք այս ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից»:

--0--ԱՀ