ԵՄ առաքելությունը Բաքվի նկատմամբ կոշտ քայլերի չի գնա, նրանք անգամ հստակ կոչ չարեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ն

Եթե անգամ Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատանքը զսպիչ դեր խաղացել է, ապա ոչ ամբողջությամբ։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը՝ գնահատելով հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի հարցով ԵՄ վերջին դիտորդական առաքելության խմբի իրականացրած աշխատանքի արդյունքները։

«Մենք տեսնում ենք նմանատիպ առաքելությունների համաշխարհային փորձը, որ շատ բանով կախված է լինում՝ 1․ քաղաքական, աշխարհաքաղաքական վիճակից, 2․ իրավական կոմպոնենտից, այսինքն՝ լիազորություններ, մանդատ։ Այսպիսի առաքելությունները չեն կարող արմատականորեն, ամբողջությամբ լուծել սահմանային լարվածության խնդիրը, որովհետև դա առաջին հերթին քաղաքական խնդիր է։ Դիտորդական առաքելության խումբն ունի կոնկրետ ֆունկցիա՝ արձանագրել փաստերը՝ «տեղի ունեցավ լարվածության աճ այսինչ հատվածում, այս կողմից կրակոց է, այն կողմից կրակոց է, եղավ սա, եղավ նա»։ Խնդիրը հետոն է, այսինքն՝ դա օգտագործվելո՞ւ է պրակտիկ քաղաքականության մեջ, թե մնալու է թղթի վրա կամ ինչ-որ մարդիկ տեղեկացվելու՞ են դրա մասին և այլն»,- ընդգծեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսը։

Գալստյանն ասաց նաև, որ վերջին առաքելությունը կատարել է արձանագրումներ․ «Բայց արդյոք եղե՞լ են ինչ-որ հայտարարություններ, որոնք հետագայում հիմք են դարձել նաև ԵՄ-ի պրակտիկ գործողությունների համար։ Լավ, փաստը արձանագրվեց, դրանցի հետո ինչ-որ ընթացք ստացա՞վ, թե՞ ոչ․ ահա այստեղ գալիս ենք քաղաքականության դաշտ։

Հաշվի առնելով Ադրբեջանի դերի բարձրացումը Եվրոպական միության համար հատկապես էներգետիկ անվտանգության, էներգետիկ մատակարարումների տեսանկյունից՝ միամտություն կլիներ կարծել, որ եթե անգամ դիտորդական խումբն Ադրբեջանի խախտումներն արձանագրել է, դա կլիներ ինչ-որ հիմք Բաքվի նկատմամբ կոշտ գործողությունների համար»,- նշեց քաղաքագետը։

Գալստյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակից հասկանալի է, որ սահմանային լարվածություն, միջադեպեր լինելու են։ «ԵՄ նոր առաքելությունը դրանք արձանագրելու է, բայց դրանց չեն հաջորդի կոշտ գործողություններ։ Իհարկե, կարող են լինել հայտարարություններ, հորդորներ, հասցեական հորդորներ։ Մենք միշտ բողոքում ենք, չէ՞, որ անհասցե են հայտարարությունները, դրանք երկու կողմերին են  ուղղված։ Բայց եթե անգամ հասցեական լինեն հորդորները, դրանց հետևելո՞ւ է գործողություն, եթե Ադրբեջանն այդ հորդորները չկատարի։

ԵՄ առաքելությունն արել է այն, ինչ պետք է աներ։ Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ թերացումներ կլինեն։ Խմբի անդամները հանդիպել են անգամ համայնքային իշխանությունների, բնակիչների հետ։ Տեսել ենք, տեղյակ ենք ավելի մանրամասն բաներից, բայց այստեղ խոսքը ոչ թե առաքելության, այլ ԵՄ գործողությունների մասին պետք է լինի։ Եվրոպական միությունն Ադրբեջանի նկատմամբ դիտորդական խմբի փաստերի հիման վրա կոշտ գործողությունների չի դիմի։ Ավելին, կոշտ հայտարարություններ անգամ չեն եղել»,- եզրափակեց քաղաքագետը։

Ավելի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Եվրոպական միությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան այս անգամ ոչ թե 2 ամսով, այլ`առնվազն 2 տարով: 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ