Բաքուն դադարեցրել է խաղաղության տեքստի քննարկումը, զուգահեռաբար սադրում է՝ փակելով Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Դեկտեմբերի սկզբին հայկական կողմին էին փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով ադրբեջանական առաջարկները, մինչև այս պահը ի՞նչ արձագանք ունենք այս ուղղությամբ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ դրանից հետո տեղի է ունեցել Լաչինի միջանցքի ապօրինի փակում, և դրա պատճառով հայկական կողմը որոշել էր չմասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ պիտի շարունակեին խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:

Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ, այդուամենայնիվ, հայկական կողմն իր խմբագրական առաջարկներն է ներկայացրել ադրբեջանական կողմին, և մեկ ամիս է, ինչ սպասում է արձագանքին:

«Կրկնում եմ՝ մենք մեր առաջարկները ներկայացրել ենք, և, ահա, ադրբեջանական կողմի առաջարկները պետք է լինեն, որ մինչև այժմ չկան:

Սա ասում եմ, որ, անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահն ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողություններ Լաչինի միջանցքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներ ադրբեջանական կողմից»,-ասաց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ