Պատգամավորները հանդիպել են Դիլիջան քաղաքի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

327150338_1821568501569889_3836209353076045739_n

«Մենք աշխատում ենք հնարավորինս զարգացնել բոլոր ոլորտները եւ վերացնել նախկին թերացումները։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում կրթական ոլորտում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում ենք Ազգային ժողովից։

Նրանց հանդիպել են նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Նարեկ Բաբայանը, Վահագն Ալեքսանյանը եւ Հակոբ Ասլանյանը։

Խոսելով կրթական ոլորտի բարեփոխումներից՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ դրանք միտված են ոլորտը բարելավելուն։ Անդրադառնալով ակադեմիական ավանի ստեղծմանը՝ պատգամավորը հավաստիացրել է, որ դրա իրականացումը կնպաստի կրթական համակարգի լայնածավալ խնդիրների լուծմանը։ Նա հավելել է, որ դա այս պահի դրությամբ ամենահավակնոտ ծրագիրն է։

Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ նշելով, որ այն կնպաստի դպրոցներում էլ ավելի որակյալ գիտելիքներ ձեռք բերելուն։

Ավագ դպրոցի աշակերտները, մասնավորապես, հետաքրքրված էին կրեդիտային համակարգով, ԲՈՒՀ ընդունվելու ծրագրով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ այդ ծրագիրը փորձնական ձեւաչափով արդեն իսկ իրականացվում է Տավուշի մարզում։ Նա, պատասխանելով աշակերտի հարցին, հավելել է, որ կրեդիտային միավորներ չհավաքած դիմորդին հավելյալ հնարավորություն կընձեռվի։

Պատգամավորն ընդգծել է, որ ծրագիրը միտված  է  լավ գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելուն, ինչպես նաեւ կրկնուսույցների հետ պարապմունքների վերացմանը։

Խոսելով կրթական ոլորտի փոփոխություններից՝ պատգամավոր Նարեկ Բաբայանը նշել է, որ լավ կրթության համար կարեւոր է ոչ միայն փորձառու եւ բանիմաց մանկավարժների դերը. առաջնային են նաեւ դպրոցի պայմանները։

Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է ժամանակակից նորմերին համապատասխանող դպրոցների կառուցումն ու վերանորոգումը։

Երիտասարդները ցանկություն են հայտնել մասնագիտություն ստանալուց հետո վերադառնալ Դիլիջան եւ էլ ավելի զարգացնել ու գեղեցկացնել այն՝ ստեղծելով տարբեր ժամանցային ու մշակութային կենտրոններ ոչ միայն երիտասարդների, այլեւ տարեցների համար։

Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւել են ԱԺ նիստի աշխատանքներին, այցելել խորհրդարանի գրադարան եւ թանգարան:

--00—ՅՄ